ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՍՈՓՈՆԻԱ

ՍՈՓՈՆԻԱ
25.12.2009 | 00:00

Տերը սարսափազդու տեսքով կերևա նրանց,
կխորտակի ազգերի բոլոր աստվածներին,
և ազգերը կերկրպագեն Նրան`
յուրաքանչյուրն իր տեղից`

ազգերի բոլոր կղզիներից (2.11)։
Արդյոք Աստված հետաքրքրվո՞ւմ է մարդկանցով: Արդյոք Նա տնօրինո՞ւմ է պատմությունը: Սրանք այն հարցերն են, որոնք դժվարին կացության ժամանակ կասկածամիտներն ուղղում են մարգարեին (Ա 12):

ՊԱՏՄԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
Սոփոնիայի գրքի հետին պլանը, որ իրականում պատմության մի փոթորկահույզ ժամանակահատված է ընդգրկում, այս ու նաև ուրիշ մարգարեների առջև դնում է պատմության իմաստի հարցը:
Բանն այն է, որ սա ասորեստանյան զավթողական նվաճումների ժամանակաշրջանն էր, որ հատկորոշվում էր վայրագությամբ և ավերով: Կործանվեցին Եփրատի և Միջերկրական ծովի միջև ընկած արամեական պետությունները, ապա ն. Ք. 732 թ.՝ Դամասկոսը, 722 թ. գրավվեց Սամարիան և տեղահանվեց նրա բնակչությունը, 701 թ. ընկավ Տյուրոսը, Սիդոնը 671 թ. հիմնահատակ ավերվեց, 663 թ. կողոպտվեց եգիպտական Թեբեն, իսկ 689 թ. գրավվել էր Բաբելոնը: Սենեքերիմը գրել է. «Իմ վերաբերմունքը նրանց նկատմամբ ջրհեղեղից դաժան է լինելու»:
Այդ բանից հետո՝ մի քանի տասնյակ տարի անց, իրավիճակը գլխիվայր շրջվեց. ն. Ք. 612 թ. մարերը հողին հավասարեցրին Նինվեն: Իսկ նոր քաղդեացիները Բաբելոնից սլացան դեպի արևմուտք. Երուսաղեմը երեք անգամ պաշարվեց, ինչն ի վերջո ն. Ք. 587 թ. հանգեցրեց քաղաքի կործանմանը:
Այս մակընթացության և տեղատվության միջև, ի թիվս այլոց, տեղի ունեցավ մեկ ուրիշ իրադարձություն` սկյութների ասպատակությունը, որոնք քսանութ տարի (մոտավորապես ն. Ք. 639-ից մինչև 611 թ.) իրենց գերիշխանությունը հաստատեցին Մերձավոր Արևելքի մեծ մասի վրա: Ելնելով իրենց բնօրրանից՝ Սև ծովի հյուսիսից, նրանք ջախջախեցին մարերին ու նվաճեցին Փոքր Ասիան, ապա ասպատակեցին Միջերկրական ծովի ափն ու շարունակելով իրենց ճանապարհը դեպի հարավ՝ շարժվեցին Եգիպտոս: Եգիպտոսի թագավորի հաստատակամության ու ընծաների պատճառով հետ քաշվեցին: Սակայն սկյութները, Ասիան և Եգիպտոսի սահմանները նվաճելուց հետո, կողոպտեցին ու ավերեցին այն երկրները, որոնք գրավեցին կամ որոնց միջով անցան՝ իրենց հայեցողությամբ հարկեր դնելով իրենց իշխանությանը հնազանդվող ժողովուրդների վրա: Այս իշխանությունն ավարտվեց պաղեստինյան Ասկաղոնի կողոպուտով և Ասեդովդի կործանմամբ (մոտավորապես ն. Ք. 611 թ.): Նույն այդ ժամանակ Եգիպտոսի Նաքու փարավոնը գրավեց Գազան (սա ևս պաղեստինյան քաղաք է) և Մեգգիդոյում պարտության մատնեց Ասորիքին ու շարժվեց դեպի Միջագետքի Խառան քաղաքը:
Այդ ժամանակ և հատկապես ասորեստանյան ժամանակաշրջանում, երբ Մանասեն մի երկար շրջան թագավորեց (ն. Ք. 687-642 թթ.), Երուսաղեմը չկարողացավ մեկուսի մնալ: Նա գտնվում էր պաղեստինյան միջանցքում և մասնակցում քաղաքական բանսարկություններին ու վերախմբավորման խաղերին, որոնց մեջ ներգրավվել էին Միջագետքի և Եգիպտոսի միջև գտնվող փոքր պետությունները: Այս պայմաններում սպանվեց Հրեաստանի թագավոր Ամոնը (ն. Ք. 642-640 թթ.). ենթադրվում է, որ նա սպանվել է ասորեստանյան լուծը մերժող սպայակազմի ձեռամբ: Եգիպտամետ շարժումը հանգեցրեց երկրի բնակչության անհապաղ ընդվզմանը, որի արդյունքում գահին նստեց ութամյա Հոսիան (ն. Ք. 640-609 թթ.):
Թերևս նման հակազդեցությունն ասորեստանյան տիրապետությանն ու թագավորի անչափահասության ժամանակահատվածը մեզ պատեհություն ընձեռեն՝ լավագույնս հասկանալու Սոփոնիա մարգարեի գործունեությունն ու նրա քաղաքական և կրոնական քննադատությունները՝ ուղղված թագավորական շքախմբի նախարարներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին և օտարասերներին, ովքեր ընդօրինակում էին օտար զգեստներն ու կրոնական նիստուկացը: Հայտնաբերվել են այս պատմական ժամանակահատվածին բնորոշ նախավաճառքային պայմանագրեր, որոնք վերաբերում են հրեաներին կամ եգիպտացիներին և կազմված են ասուրերենով և ըստ ասորեստանյան օրենքի:

ՍՈՓՈՆԻԱՅԻ ԳՐՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Սույն գիրքն իր ներկայիս տեսքով բաժանվում է երեք մասի՝ ըստ մարգարեների մոտ ընդունված սովորական եռակի սխեմայի. նախազգուշացում Իսրայելին, ազգերի դատաստան և նորացման խոստումներ:
Ըստ այս սխեմայի` գրքի բովանդակությունը դասավորված է հետևյալ կերպ.
1) մուտք (Ա 1):
2) Հուդայի երկրին ուղղված նախազգուշական և սպառնական խոսքեր (Ա 2-13):
3) Տիրոջ օրը (Ա 14-18):
4) Հորդոր՝ ուղղված մնացորդին՝ խոնարհներին (Բ 1-3):
5) Հուդայի երկրի թշնամի ազգերին (քանանացիներ, մովաբացիներ, ամոնացիներ, նուբիացիներ, ասորեստանցիներ) ուղղված դատաստան և սպառնալիքներ (Բ 4-15):
6) Մերժումը Երուսաղեմի, որը դասված է հեթանոսների թվին (Գ 1-8):
7) Նորացման խոստումներ (Գ 9-20):

ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԹԵՄԱՆԵՐԸ
Երկինք՝ ահեղ դատաստանի օրվա նման, և երկիր՝ Տիրոջ խոնարհների համար. ահա Սոփոնիայի գրքի երկու հորիզոնները, որոնց ավելանում է հիմնական ճշմարտությունը՝ Աստված Իր ժողովրդի «մեջ» է (Գ 5, 15, տե՛ս Գ 2), քանզի միայն Տերն է, որ կարգավորում է պատմությունը և փրկում խոնարհներին:
1) Տիրոջ օրը:
Այս թեման Սոփոնիայի մարգարեության համբավի բուն պատճառն է: Սա է մարգարեի մտքի ձգողականության առանցքը, որը երկբևեռանի է. մի կողմից Իսրայելն է, մյուս կողմից՝ ազգերը: Այս երկու թշնամական ուժերից առաջ է գալիս «մնացորդը»: Այդ ժամանակների հուզումներին ուղեկցող պատմական պայմաններն իշխում են «օրվա» թեմային: Տիրոջ օրը այն ժամն է, երբ Նա Իր ժողովրդի վրեժն է լուծում, որոշում նրա ճակատագիրը և փրկում նրան, ինչպես փրկել էր անցյալում՝ Եգիպտոսից դուրս գալիս, և այդ իսկ պատճառով նորից գործի է դնում Իր գերբնական զորություններն ընդդեմ ազգերի: Բայց Սոփոնիայի նկարագրությունը դուրս է գալիս պատմական շրջանակից. նա մարգարեանում է տիեզերական աղետի և նախազգուշացնում բարկության ու կործանման օրվա մասին՝ առանց որևէ երկբայության և վիշտ արտահայտելու: Թեպետ և խոնարհներն իրավունք ունեն հուսալու, սակայն, այդուհանդերձ, պատմությունը կավարտվի արյունալի խրախճանքով: Տիրոջ օրը (որի մասին խոսել են Ամոսը, Նավումը և Հովելը) համապարփակ հեղաշրջման օր է: Սոփոնիան աննախադեպ խստաշունչ վեհությամբ նկարագրում է սարսափի և կործանման դատաստանը, որը տարածվում է ոչ միայն մարդկանց և քաղաքակրթությունների, այլև կենդանական աշխարհի վրա. տեղի է ունենալու արարչագործության տրոհման նման մի բան (Սոփ. Ա 2-3, 15-16ա): Սակայն Տիրոջ օրը, ըստ էության, Սոփոնիայի մոտ ի հայտ է գալիս ոչ թե աշխարհի և պատմության վախճանի, այլ Աստծու ժողովրդի կերպարանափոխության և վերակերտման ձևով, մեղքի դարաշրջանի ավարտի տեսքով: Ապա ամեն ինչ վերաճելու է ժողովրդի առաքինի զանգվածի՝ «մնացորդի» ցնծության օրհներգերի (Գ գլուխ):
2) Մարգարեական խոսքեր Երուսաղեմի ու ազգերի դեմ:
Քանի որ քաղաքը հավատարիմ չէ ու ապստամբ է, քանի որ նրա առաջնորդները, դատավորները, մարգարեներն ու քահանաները չեն լսում Աստծու ձայնը, մարգարեն Երուսաղեմը դարձնում է Աստծու դատաստանի թիրախ ու դատապարտում տառապանքի: Աստված պիտի քննի, դատապարտի ու պատժի: Աստված տառապանքի է մատնելու բովանդակ քաղաքը՝ Տաճարից շուկաներ: Իսկ ինչ վերաբերում է հեթանոս ազգերին, ապա սրանք ևս չեն ազատվելու աստվածային պատժից: Սոփոնիան մյուս մարգարեների նման հայացք է նետում աշխարհի չորս ծագերին և նախազգուշացնում քանանացիների (արևմուտք), մովաբացիների և ամոնացիների (արևելք), նուբիացիների (հարավ) և ասորեստանցիների (հյուսիս) կործանման մասին:
Գրքում առկա է ժամանակների նշանների մարգարեական իմաստավորում, որը նախապատրաստում է հայտնութենական գրականության ծնունդը:
3) Խոնարհները:
Բացի որոտի ճայթյուն հիշեցնող մարգարեական ձայնից, Սոփոնիայի մոտ հանդիպում ենք խոնարհների հանդեպ եղած կարեկցական շեշտերի, խոնարհների, որոնք «գործում են» Տիրոջ կամքի համաձայն: Նրանք Տիրոջ բարկության աղետից փրկվելու որոշ հույսեր ունեն: Նրանք Աստծու նոր ժողովրդի «մնացորդն» են:
4) Տիրոջ սրբազան լեռը:
Աստված բարենորոգ Իսրայել՝ «մնացորդ» պիտի ստեղծի և պատվի նրան ազգերի առաջ, և դա ցնծացող, ազատ ու սուրբ Երուսաղեմում կլինի, ուր Աստված Իր ժողովրդի հետ կհաստատվի թագավորի պես: Այսպիսով, Հին Կտակարանի մռայլ էջերից հետո Սոփոնիայի գրվածքն ավարտվում է հույսի և ուրախության շեշտով, տոների և հանդիսությունների ժամանակ Երուսաղեմում պարերով:
«Նրանք կամաչեն և՛ այն ժամանակ,
երբ բարիք կանեմ ձեզ,
և՛ այն ժամանակ, երբ կընդունեմ
ձեզ,
որովհետև անվանի և պանծալի
կդարձնեմ ձեզ
երկրի բոլոր ազգերի մեջ`
ձեր աչքերի առաջ փոխելով ձեր
գերության վիճակը»,- ասում է Տերը (3-20)։

ԳՐՔԻ ՏԱՐԵԹԻՎՆ ՈՒ ԻՍԿՈՒԹՅՈՒՆԸ
Հեղինակի գործունեությունը Հոսիա թագավորի կառավարման սկզբում մենք կարող ենք հավաստի փաստ համարել:
Մարգարեի` պատմական անձ լինելու և նրա գրքի կանոնականության հարցերը բնավ կասկածի տեղիք չեն տալիս:

Տպագրության պատրաստեց
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2307

Մեկնաբանություններ